Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում: Նա ընկել է և կոտրել ձեռքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին BFMTV-ի հեռուստաալիքի վրա հղումով:
93-ամյա երգիչը վայր է ընկել իր տանը, նա վնասել է ուսի ոսկորը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի վերջին Ազնավուրը չեղարկեց իր ելույթները Ռուսաստանում վատ ինքնազգացողության պատճառով: Փարիզ վերադառնալուց հետո նա իրեն լավ էր զգում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շառլ Ազնավուրն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին, որ կարողացան առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։
«Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։ Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա»,-ասվում է Ազնավուրի ուղերձում։