Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատի աշխատակիցներ։ Նրանք բողոքում են զիկնոմիսարիատներում իրականացվող օպտիմալացման դեմ:
Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ,հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Մեր հիմնական հարցն օպտիմալացման հետ է կապված, մենք դեմ ենք նախկին իշխանության այդ որոշմանը, որովհետև սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե երկիրը ոնց ենք տանում ճահիճ ՝ մանավանդ մեր բանակը, մեր զինվորական կազմակերպությունները։ Այն ժամանակ 47 հոգանոց կոլեկտիվը, որն իրականացնում էր զորակոչ, զորահավաք, մոբիլիզացիա, զորակոչը մի կերպ անում էր տանջանքով, զորահավաքը, երբ 200-250 մարդ պետք է տանել ուսումնավարժական հավաքների, մի կերպ իրականացվում էր: Այսօր եթե կրճատեցին, դարձրեցին 17-18 հոգի ո՞նց ենք իրականացնելու», - ասել է ցուցարարներից մեկը:
Մեկ այլ ցուցարար հավելել է. «Սահմանամերձ շրջանի զինկոմիսարիատում թողնել են 3 հոգի՝ ինչպե՞ս են այդ մարդիկ հարկ եղած դեպքում մոբիլիզացիա իրականացնելու»։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է կառավարության աշխատակազմի նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, լսել է նրանց բողոքն ու խորհուրդ տվել գնալ պաշտպանության նախարարություն՝ չբացառելով, որ քաղաքացիներին կընդունի նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում: «Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում», - ասել էր նախկին պաշտպանության նախարարը։