17 մայիսի 2018 - 10:25 AMT
Արշակունյաց պողոտան փակ է, ոստիկանները չեն միջամտում

Երևանի Արշակունյաց պողոտան փակ է՝ «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները պողոտայի մի հատվածը փակ են պահում դեռևս մայիսի 15-ից: Ոստիկանները չեն միջամտում:

Նրանք պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ:

Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին:

Երթևեկությունը Արշակունյաց պողոտայի մի հատվածով դադարեցված է, մեծ խցանումներ են առաջանում:

«Սասնա ծռերի» գործով հաջորդ նիստը կկայանա մայիսի 23-ին:Գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։