23 մայիսի 2018 - 13:22 AMT
Ուիլ Սմիթը կկատարի ֆուտբոլի ԱԱ-2018-ի պաշտոնական օրհներգը

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը կկատարի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգը: Դերասանին կմիանան Նիկի Ջեմն ու երգչուհի Էրա Իսթրիֆին Կոսովոյից:

Կատարման վրա կաշխատի ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Դիպլոն: Երգը կներկայացվի մայիսի 25-ին, գրում է Lenta.ru-ն Vibe-ի վրա հղումով:

Նախկինում Սմիթն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել Նիկի Ջեմի հետ, որի ձեռքին ԱԱ-2018-ի պաշտոնական գնդակն է: Լուսանկարի նկարագրության մեջ Սմիթը գրել էր. «Նիկի Ջեմ-Դիպլո-Իսթրիֆի-Ուիլ Սմիթ: Մեկ անգամ ենք ապրում: Եկեք լիարժեք ապրենք»:

Մինչ դերասանական կարիերա սկսելը Սմիթը 1980-ականների վերջում բավականին հաջողակ ռեփ կատարող էր: Նա երգում էր DJ Jazzy Jeff-ի հետ, ավելի ուշ որպես մենակատար էր հանդես գալիս:

Ֆուտբոլի ԱԱ-2018-ը կանցնի Ռուսաստանի 11 քաղաքում հունիսի 14-ից հուլիսի 15-ը: