ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է մեկ տարով՝ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը, հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը:
Ֆեյսնուքյան իր էջում նախարարը հայտնել է, որ առաջարկի նպատակն է առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելը։ «Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը», - նշել է նա:
«Նոր կառավարությունը զերծ է մնալու նախորդ կառավարությունների արատավոր աշխատաոճից, երբ օրենքներում պարբերաբար կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնց մի մասը բավականին մեծ արագությամբ: Այս ամենը միշտ խորացրել է անվստահության մթնոլորտը, որը առկա է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Մի քանի հարյուր հազար քաղաքացիներին վերաբերվող օրենքը պետք է լինի այնպիսին, որ ապահովի երկարաժամկետ վստահությունը: Ոչ միայն սոցիալական վճարի վճարումը, այլ նաև ՀՀ քաղաքացու կողմից վճարվող յուրաքանչյուր դրամի արդյունավետ օգտագործման նկատմամբ վստահությունը պետք է դառնա նոր կառավարության գլխավոր առաքելություններից մեկը», - գրել է Թանդիլյանը։
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը պիտի ուժի մեջ մտներ 2018 թվականի հուլիսի 1-ից։