28 մայիսի 2018 - 14:08 AMT
Էլթոն Ջոն. Հայաստանում սեր ենք զգացել

Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը, որն այցով Հայաստանում է, Instagram-ի իր էջում գրառում է արել «այն սիրո մասին, որ զգացել է Հայաստանում»:

«Ատելությամբ լցված մեկը չի կարող կասեցնել այն ամբողջ սերը, որ զգացել ենք Հայաստանում»,-գրել է լեգենդար երգիչը՝ եռագույն սրտի պատկեր տեղադրելով:

Երգիչը Հայաստան է ժամանել մայիսի 26-ին իր ամուսնու՝ կանադացի կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հետ: Ջոնը Հայաստանում է «Երևան, իմ սեր» նախագծի շրջանակում, որն, ի թիվս այլ ծրագրերի, աջակցում է նաև երեխաներին և մեծահասակներին, որոնք լսողության խնդիրներ ունեն: «Երևան, իմ սեր» հիմնադրամի «Հայկ և Էլզա Թիթիզյաններ» վերականգնողական կենտրոնում Հայաստանի և Արցախի երեխաներին 100 լսողական սարք է նվիրաբերվել:

Եռօրյա բարեգործական ակցիայի շրջանակում Starkey Hearing Technologies-ը 2500 լսողական սարք կնվիրի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել էր, որ Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել բարեգործական նպատակով, որպես իր ընկերը, և որ առաջիկայում նա կրկին կժամանի Հայաստան՝ այս անգամ ոչ միայն բարեգործական նպատակով, այլ նաև համերգով: