«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ սկսել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջներով։ Պահանջների թվում կլինի բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարումը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Դասադուլը կոչ է արվում սկսել մայիսի 29-ին, ժամը 11:00-ին:
Դասադուլի և գործադուլի կոչն արվում է, հաշվի առնելով մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումներ քաղաքական հայացքների համար, բուհի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածություն:
Նշվում է նաև, որ հաշվի են առնվել բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցի՝ ուսխորհրդի և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը:
«Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի»,-ասվում է գրառման մեջ:
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր հերթին հայտարարել է, որ վերահսկողական ծառայությունն իր ստուգումները սկսելու է բուհերից: