31 մայիսի 2018 - 14:14 AMT
«Տաշիր գրուպ». ԲԷՑ մասին պայմանագրի չեղարկման շուրջ նախարարության հետ քննարկում չի եղել

«Տաշիր գրուպ» ընկերությունն արձագանքել է մայիսի 30-ին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարությանը, որի համաձայն կառավարության և «Տաշիր գրուպ» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է։ Նշվում է, որ պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալի» միջև որևէ կետ չի քննարկվել, որևէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել, առավել ևս նորանշանակ նախարարի մասնակցությամբ:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ 2017-ին կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր (ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով:

Նշվում է, որ ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալը» առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը:

«Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ և եզրակացությունները թողնում հասարակությանը: «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն դոլար, կրճատել 40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր: ԲԷՑ-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի մոտ 7%-ին: «Տաշիր Կապիտալի» սկզբունքային դիրքորշում էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչև 240 մլն ԱՄՆ դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ արդյունքում՝

ա) կտնտեսվեր պետության համար 130 մլն դոլար՝ պետական պարտքի բեռը 520 մլն ոլարից հասցնելով 390 մլն դոլարի,

բ) էլեկտրաէներգիայի սակագնի բեռը կնվազեր: Հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը:

Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր Կապիտալի» կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլևս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր Կապիտալի» կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի և առանց պետական պարտքի վրա ազդեցության:

«Տաշիր Կապիտալի» 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետևյալն է՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն է ապահովվել: Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն դրամի եկամուտ կգրանցվի 2018-ին: Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն դրամ կկազմեն:

«Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն դոլարի պարտքային բեռի կրճատում: Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալին» ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը:

Այս առումով տարակուսանք ենք հայտնում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալի» միջև կնքված պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն: Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալի» միջև որևէ կետ չի քննարկվել, որևէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել առավել ևս նորանշանակ նախարարի մասնակցությամբ: Այսօր էլ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել պետական կառավարիչներին՝ մաղթելով նրանց առավել արդյունավետ կառավարում», - ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ»։

Ըստ որոշ տեղեկությունների, Բարձրավոլտ էլեկտրական ցանցերով հետաքրքրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նախարար Արթուր Գրիգորյանը, որը ԲՀԿ-ից է, որպես հիմնավորում ասել էր, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ավելի օգտակար կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա որպես պետական: