Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում «Բջնի-ամրոց» պետական արգելոց կստեղծվի: Եվս մեկ պետական՝ «Սմբատաբերդ» արգելոց կստեղծվի նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս բնակավայրերում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում:
«Բջնի-ամրոցի» տարածքը կկազմի 1,51 հեկտար, իսկ«Սմբատաբերդինը»՝ 2,35 հեկտար: Պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում:
«Որոշումը բխում է նաև «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրից: Միաժամանակ, արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին», - նշվում է հիմնավորման մեջ:
Բջնիի ամրոցը միջնադարյան հայկական ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկն է, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, համանուն գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերակառուցել են բերդը, այն դարձնելով միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:
Սմբատաբերդը (Ցաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5 դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։