18 ապրիլի 2008 - 17:10 AMT
Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է Ղարաբաղի հարցի ուժային կարգավորման հնարավորության մասին
Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, որ իր երկիրը «մտադիր չէ հաշտվել միջազգային հանրության անարդար վերաբերմունքի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: «Մենք զարգացման այնպիսի մակարդակի վրա ենք գտնվում, որ չենք հանդուրժի այդ իրավիճակը, անարդարությունը»,- նշել է պետության ղեկավարը երկրի հարավ-արեւմուտքում` Ֆիզուլիի տարածաշրջանում, գաղթականների համար հինգ բնակավայրերի բացման ժամանակ: Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ «Ադրբեջանը չի պատրաստվում նահանջել իր սկզբունքային դիրքորոշումից Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: «Մեզ կոչ են անում փոխզիջումների գնալ, սակայն ի՞նչ պետք է մենք անենք. հանձնե՞նք Լեռնային Ղարաբաղը»,- հարցրել է նախագահը: «Հակամարտությունը կարող է կարգավորվել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պայմանի դեպքում, եւ այլ ճանապարհ չկա»,- հայտարարել է ադրբեջանցի առաջնորդը: Նա նաեւ ընդգծել է, որ «առաջիկայում պետք է պարզություն մտցվի բանակցությունների շարունակության հնարավորության մեջ»: «Մենք պետք է իմանանք` որտեղ ենք գտնվում, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, արդյոք հայկական կողմը կառուցողական կլինի»,- նշել է Ալիեւը, հույս հայտնելով, որ եւ հայկական կողմը, եւ միջազգային միջնորդները կհասկանան, որ «օկուպացիոն քաղաքականությունն անհեռանկարային է»: «Բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունում են մեր կողմը: Միջնորդները գիտեն, որ Հայաստանն իրեն ոչ անկեղծ է պահում, ձգձգում է բանակցությունները, սակայն փակում են իրենց աչքերը»,- ասել է պետության ղեկավարը: Այդ առիթով, նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են արդեն 14 տարի, սակայն որեւէ արդյունքի հասնել չի հաջողվել:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանը դեռեւս մասնակցում է բանակցություններին, քանի որ նա դեռեւս արդար կարգավորման հույս ունի: «Սակայն դա չի կարող հավերժ շարունակվել: Ցանկացած համբերություն հատնում է»,- նկատել է նախագահը, հստակորեն ակնարկելով խնդրի ուժային կարգավորումը: Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը կմեծացնի իր ուժերը, հայտնելով, որ 2008 թվականին ռազմական բյուջեն կկազմի $2 մլրդ: Ալիեւի խոսքերով, ադրբեջանական բանակը ամենաուժեղն է Հարավային Կովկասում ինչպես իր պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, այնպես էլ տեխնիկական զինվածությամբ, հաղորդում է Իզվեստիան: