Հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։
Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Մեքենաների զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածո։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են։
Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։