ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե «ուրախ կլինի, եթե օֆշորի գործը վերաբացվի», հայտնում է Panorama.am-ը:
«Ուրախ կլինեմ, որ օֆշորի գործը վերաբացվի, և դուք անձամբ տեսնեք, որ այն, ինչ եղել է ժամանակին, այն հայտարարությունները, որ եղել են իմ կողմից ժամանակին, եղել է միայն ճշմարտություն»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին, նա ասել է՝ ամեն ինչ «պետք է հիմնավորվի փաստերով»:
«Հետք» պարբերականը հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերության: Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին՝ հրաժարական տալով։
2017-ի հունվարի 24-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործով վարույթը կարճել է: