Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի խափանման միջոց կալանքը փոխել է 500.000 դրամ գրավի դիմաց: Այս մասին հայտնում է Pastinfo-ն:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակել է Լամբարյանի դատաբժշկական հետազոտության արդյունքները. համաձայն փորձաքննության եզրակացության, նա հրազենային վնասվածքի հետևանքով ստացել է բազմաթիվ հիվանդություններ՝ քայլքի ֆունկցիոնալ խանգարում, նկատվում է ձախ վերջույթի 6 սմ բացարձակ կարճություն, իսկ ձախ ազդրի մեջ առկա են մետաղական մարմիններ։
Ավելի վաղ, դատարանն ազատ էր արձակել «Սասնա ծռեր» զինված խմբից ևս երկու անդամի՝ Հովհաննես Վարդանյանին ու Տիգրան Սարգսյանին:
2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։