Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզերի տարբեր համայնքներում պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակում տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ դրանց դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։
Արդյունքում՝ 2017-ի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ՝ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:
Պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմում է մոտ 96 մլն դրամ, որի զգալի մասը՝ 44 մլն դրամը, նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: