27 հունիսի 2018 - 11:53 AMT
ՀՀ-ն և ևս 6 երկիր ԵԽ են ներկայացրել Երկրորդ համաշխարհայինի համար փոխհատուցման հարցը

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 7 երկիր պահանջել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարից ուսումնասիրել անհավասար մոտեցումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայից տուժածներին փոխհատուցման հարցում: Այդ մասին հայտարարել է փաստաթղթի նախաձեռնող, լեհ պատգամավոր Արկադիուշ Մուլյարչիկը:

Փաստաթուղթը վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասների համար փոխհատուցում պահանջելու իրավական ճանապարհի բացակայությանը: Հայտարարությունը ստորագրել են Հայաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Չեխիան և Մեծ Բրիտանիան, գրում է Eurointegration.com-ը PAP-ի վրա հղումով: Խոսքը ռազմական գործողությունների զոհերի մասին է, ինչպես նաև բռնագաղթված կամ համակենտրոնացման ճամբարներում հարկադիր աշխատանքներին մասնակցածներին:

«Կարելի է ասել, որ կան տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր դեպքեր, երբ մարդիկ իրավունք չունեն դիմել դատարան և փոխհատուցում պահանջել Գերմանիայից ռազմական հանցագործությունների համար»,-ասել է Մուլյարչիկը:

Հայտարարությունը ստորագրողները պնդում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացիները բազում երկկողմ համաձայնագրեր են ստորագրել Արևմտյան Եվրոպայի երկրների հետ ռազմական հատուցումների վերաբերյալ՝ ամբողջությամբ անտեսելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների զոհերին: