27 հունիսի 2018 - 17:28 AMT
Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևը: Այն վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Եվրանեսթը հորդորել է արագացնել փաստաթղթի վավերացումը: Բանաձևը կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019-ի ընտրությունները:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան: