Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հնարավոր հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը:
Նա նշել է նաև, որ երկրների միջև հանդիպման մասին պետք է հայտարարեն երկու երկրների ներկայացուցիչները:
«Տվյալ պահին, մեր կարծիքով, նման հանդիպումը հատկապես անհրաժեշտ է այն խնդիրների լուծման համար, որոնք կան օրակարգում, այդ թվում երկու երկրների օրակարգում», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին, ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա: ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: