23 ապրիլի 2008 - 14:58 AMT
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հանդիսավոր ընդունելության կազմակերպումը
Ապրիլի 23-ին Ռուսաստանի հայերի միության Երիտասարդության ասոցիացիան մտադիր է դիմել Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված օտար պետությունների դեսպաններին` Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հանդիսավոր ընդունելության կազմակերպման առնչությամբ` դեսպանի Ռուսաստանից մեկնելու կապակցությամբ: «Այդ միջոցառումը ցինիկորեն եւ միտումնավոր կազմակերպվում է հենց ապրիլի 24-ին` Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Թուրքական դիվանագիտության այդ ակտը «նրանց մշակույթի» աննախադեպ եւ ուղղակի արտահայտումն է Ռուսաստանում Թուրքիայի տարվա ընթացքում»,-ասվում է Ասոցիացիայի հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին, ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միության Երիտասարդության ասոցիացիան ծաղկեպսակներ կդնի Մոսկվայում կառուցվող Հայկական եկեղեցու մոտ, որտեղ կմատուցվի պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: