Որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են կարևոր առաջնահերթություններ:
«Իհարկե, անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ես վերահաստատեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»,-ասել է ԱԳ նախարարը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս համատեքստում Հայաստանը շատ բարձր է գնահատում Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների անդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման կարևորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։