3 հուլիսի 2018 - 16:40 AMT
Աղբյուր. Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀԾՔ պետի մամուլի քարտուղարը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ նրան ծանուցում է ուղարկվել:

Նա ասաց, որ առաջիկայում մանրամասներ կհրապարակվեն:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-իփետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների հետևանքով զոհվեց տասը մարդ՝ 8 ցուցարար, 2 ոստիկան, վիրավորվել է ավելի քան 200 հոգի: