16 հուլիսի 2018 - 12:19 AMT
Սումգայիթում ձերբակալություններ են սկսվել

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները հուլիսի 15-ին մտել են Սումգայիթ, որտեղ զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Ձերբակալվել է 18 մարդ: Նրանց մեղադրում են ծայրահեղական կրոնական խմբավորումներին և նրանց աջակցող ծայրահեղական ընդդիմությանն անդամակցելու մեջ:

Իրավապահ մարմիններն անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկել Սումգայիթում՝ կասեցնելու համար բողոքի հնարավոր ակցիաները, որոնց կոչերը հնչել էին սոցցանցերում Գյանջայի իրադարձություններից հետո, գրում է Contact.az-ը:

Ոստիկանությունն ու հատուկ նշանակության ուժերն ամբողջությամբ արգելափակել էին քաղաքապետարանի առջևի հրապարակը: Հարակից փողոցներում մի քանի միավոր զրահատեխնիկա է նկատվել: Սրճարանների և խանութների սեփականատերերին հրահանգել են փակել օբյեկտները՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար: Ոստիկանությունը թույլ չի տվել անցորդներին լուսանկարել և նկարահնել զրահատեխնիկան բջջային հեռախոսներով:

Ըստ Haqqin.az գործակալության, արտերկրից ղեկավարվող ծայրահեղականները մտադիր են եղել կրկնել Սումգայիթում Գյանջայի սցենարը, անկարգություններ հրահրել ու խախտել հասարակական և քաղաքական կայունությունը:Գործողությունն, ըստ իրավապահ մարմինների, շարունակվում է:

Իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս իրադարձություններին մեղսակից յուրաքանչյուր անձ պատասխանատվության է ենթարկվելու:

Ավելի վաղ Ադրբեջանի Գյանջա քաղաքում ոստիկանների ու կրոնական մոլեռանդների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնցում սպանվել է ոստիկանության 2 գնդապետ։ Contact.az հաղորդմամբ, բախումներին ներգրավվել է մինչև 200 հոգուց բաղկացած մոլեռանդների խումբ՝ զինված կտրող-ծակող գործիքներով ու մահակներով։Կա 40 ձերբակալված, մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Բախումների մասնակիցները հավաքվել էին ի աջակցություն Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձ կազմակերպած Յունիս Սաֆարովի։ Վերջինս հուլիսի 3-ի երեկոյան կրակել էր քաղաքապետ Էլմար Վելիևի վրա, ինչից հետո՝ ձերբակալվել էր։ Սաֆարովը մի քանի տարի անցկացրել էր Սիրիայում՝ պատերազմելով այնտեղ խմբավորումներից մեկի կազմում։