29 ապրիլի 2008 - 15:10 AMT
Հայաստանի եւ ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության թանգարանները համագործակցության համաձայնագիր են կնքել
ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 28-ին Հայաստանի մայրաքաղաքում հայտարարել են համագործակցության համաձայնագրի կնքման մասին: Համաձայնագիրը նախատեսում է ռեսուրսների եւ փորձաքննությունների արդյունքների փոխանակում, ինչպես նաեւ երկկողմանի ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացում:

Համաձայնագիրը կնքվել է Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Վաշինգթոնի թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի եւ թանգարանի հոգաբարձության եւ գործունեության կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանի միջեւ:

Մշտական համագործակցության մասին համաձայնագիրը թույլ կտա երկու թանգարաններին համակարգել իրենց ծրագրերը, փորձի փոխանակում անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդեսների եւ տարբեր միջոցառումների անցկացման հարցում: Վաշինգթոնի Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը ծրագրված է անցկացնել 2010 թվականին: