28 հուլիսի 2018 - 11:15 AMT
Գյուղմթերքի արտահանումը մոտ 68%-ով աճել է

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են 68%-ով, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են մոտ 45.000 տոննայով, մթերման ծավալները՝ մոտ 2251 տոննայով կամ 21,3%-ով. արտահանվել է 111.349 և մթերվել է 12.837 տոննա։

Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է մոտ 50.258 տոննա ծիրան, ինչը նախորդ տարի արտահանված 28.474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցում է 21784 տոննայով կամ մոտ 76,5%-ով։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ մոտ 104.318 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ: