28 հուլիսի 2018 - 13:41 AMT
ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյաննայցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից, հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով, հայտնել է 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։