31 հուլիսի 2018 - 11:54 AMT
ԱԳՆ խոսնակ. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն դեռևս չկա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Բրյուսելում նման հարց քննարկվել է, դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկություն՝ հանդիպում կազմակերպելու։ Այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն չկա հանդիպման վայրի և ժամկետների վերաբերյալ», - հայտարարել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում տեղի կունենա սեպտեմբերին: «Այո, հանդիպում նախատեսվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ է պետք: Կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կամ ավելի շուտ: Սեպտեմբերին է նախատեսվում: Մենք պատրաստ ենք հանդիպման»,-հայտարարել է Մամեդյարովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:

Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: