3 մայիսի 2008 - 14:22 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն դուրս է գալիս տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից
Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարությունները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «չիրազեկված լինելու մասին» հեռու են տարրական դիվանագիտական էթիկայից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, առհասարակ, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմից բանակցությունների մասնակցողները խոսում են բաների մասին, որոնց տեղյակ չէ նույնիսկ նրանց անմիջական շրջապատը:

Մայիսի 1-ին Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը «կասկածի է ենթարկել» Հայաստանի նոր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի իրազեկությունը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթում նախատեսված է հանրաքվեի անցկացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ: