Հայաստանում օտարերկրացի վարձու աշխատողների թիվը 4586 է, ինչը կազմում է ընդհանուր զբաղվածների թվի ընդամենը 0,8%-ը:
Համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների, օտարերկրացի քաղաքացիների հետ վերջին տարիներին տարեկան միջինը մոտ 1500 աշխատանքային պայմանագիր է կնքվել:
Երկրում օտարերկրացի վարձու աշխատողները հիմնականում ներգրավված են ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն: Նրանց գերակշիռ մասն ունի բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ:
ՀՀ կառավարությունը նախագիծ է մշակել, որի նպատակն է ուժը կորցրած ճանաչել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի իրավական հիմքերը և անդրադառնալ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի ներդրմանը միայն ՀՀ աշխատաշուկայի խորքային վերլուծության արդյունքում` օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանալու պարագայում: