11 օգոստոսի 2018 - 13:10 AMT
Էրդողան. ԱՄՆ գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ փնտրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը New York Times –ում հրապարակված իր հոդվածում զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել է, որ արտոնել է կրկնապատկել Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսատուրքերը՝ մինչև 20% և 50%: Դրա հետևանքով թուրքական լիրան հերթական անգամ արժեզրկվել է, մեկ օրում կորցնելով արժեքի գրեթե 20%-ը:

«Մինչ չարիքն ամենուր դարան է մտել աշխարհում, տասնամյակներ շարունակ Անկարայի դաշնակիցը եղած ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները Թուրքիայի դեմ, միայն կխարխլեն ԱՄՆ անվտանգությունն ու կվնասեն նրա շահերին: Քանի դեռ շատ ուշ չէ, Վաշինգտոնը պետք է հրաժարվի այն թյուր պատկերացումից, որ մեր հարաբերությունները կարող են ասիմետրիկ լինել և հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիան այլընտրանք ունի: Թուրքիան կարող է ստիպված լինել նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել »,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր կառավարությունը չի նահանջելու և պատրաստ է իր ճանապարհով գնալ, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են լրտեսության և ահաբեկչության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևոր հորը: Թրամփը պատրաստ է «խիստ պատժամիջոցներ» կիրառել ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ: «Նա շատ է տառապում: Այդ հավատացյալ մարդը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-ասել էր ԱՄՆ նախագահը 50-ամյա եկեղեցականի մասին: Մինչդեռ Էրդողանը Բրանսոնի արտահանձնումն ԱՄՆ-ին կապում է քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու հետ, որին Թուրքիայում համարում են 2016-ի հեղաշրջման կազմակերպիչ: