Հայաստանում դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում, հայտնում է առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։
2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է մոտ 3 անգամ. արձանագրվել է կապույտ հազի 118 դեպք: Հիվանդների 81%-ը չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:
Այս տարի գրանցված կապույտ հազի դեպքերից 65-ը 0-1 տարեկան երեխաներ են: 2018թ. արձանագրվել է կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպք:
Առողջապահության նախարարությունը ընդգծում է` կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացմամբ: Աստիճանաբար հազը դառնում է նոպայազև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել, ինչով էլ պայմանավորված է հիվանդության անվանումը:
Կապույտ հազին բնորոշ են բարդություններ` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։