ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով տրամադրված հանձնարարությունների, առաջարկությունների և այլ գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է հրապարակել:
ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:
Առաջարկվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:
Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար:
«Եղեգնաձոր ՋՕ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդին Արմենիա» ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար:
Խոշորացված Ջերմուկ քաղաքի համայնքապետարանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Գնդեվազի գյուղապետի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Գնդեվազ համայնքի «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից ջրի օգտագործման համար, ինչպես նաև շինարարության փուլում ոչ ստատիկ ջարդիչ կայանների տեղադրման համար թույլտվություն տրամադրելու իրավաչափությունը պարզելու նպատակով:
ՀՀ վարչապետին ներկայացվել է զեկուցագիր՝ որպես կապալառու ընկերություններ Ամուլսարում շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնելու վերաբերյալ:
Արդեն տևական ժամանակ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:
Ընթերցեք նաև. Ամուլսարի «կողմն» ու «դեմը». Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները