21 մայիսի 2008 - 13:18 AMT
Հայ երգչուհի Սիրուշոն դուրս է եկել Եվրատեսիլ 2008 մրցույթի եզրափակիչ
Նախօրեին Բելգրադում կայացավ Եվրատեսիլ 2008 մրցույթի կիսաեզրափակիչը: Հանդիսատեսի քվեարկության արդյունքում հայ երգչուհի Սիրուշոն դուրս եկավ մրցույթի եզրափակիչ փուլ: Սիրուշոն ներկայացրեց «Քելե-քելե» երգը անգլերեն լեզվով, երաժշտության հեղինակն է Հարութ Տեր-Հովակիմյանը, խոսքերը գրել է ինքը երգչուհին: Եզրափակիչում Սիրուշոն հանդես կգա 5 համարի տակ: Բուքմեկերների կանխատեսումներով, հայ երգչուհին մրցույթի եզրափակիչում կարող է գրավել 2 կամ 3 տեղը:
Եվրատեսիլ 2008 մրցույթի եզրափակիչ են դուրս եկել նաեւ` Դիմա Բիլանը (Ռուսաստան), Կալոմիրան (Հունաստան), Նիկո եւ Վլադ դուետը (Ռումինիա), Լական (Բոսնիա եւ Հերցոգովինա), «Տերասբետոնի» խումբը (Ֆինլանդիա), Բոազը (Իսրայելը), Էլնուր եւ Սամիր դուետը (Ադրբեջան), Այզիս Ջին (Լեհաստան) եւ Մարիան (Նորվեգիա): Պարտվածների թվում են մրցանակակիրները Սան Մարինոյից, Բելգիայից, Նիդերլանդներից, Իռլանդիայից, Մոլդովայից, Անդորրայից, Սլովենիայից, Էստոնիայից եւ Չերնոգորիայից:
Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին, եզրափակիչը կլինի մայիսի 24-ին: Ընդամենը եզրափակիչում հանդես կգա 25 երկիր` կիսաեզրափակիչներից եզրափակիչ անցած 20 մասնակիցներն ու 5 երկիր, որոնց ներկայացուցիչները ինքնաբերաբար են լինում եզրափակիչում` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Սերբիան: