13 սեպտեմբերի 2018 - 14:40 AMT
ՀՀ նախագահը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին. ՀՀ-ն հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները

Հայաստանը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների փորձն ու կարողություններն օգտագործելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու համար: Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար և այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել, որ տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ և այստեղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ: