13 սեպտեմբերի 2018 - 15:10 AMT
Պյոտր Լիտվինը՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարևոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում:

Դեսպան Լիտվինը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում ձևավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը:

Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական և բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար: