Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացու վիրավորմանն ի պատասխան հայկական կողմն ադրբեջանցի 3 զինծառայող է խոցել: Այդ մասին «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել վիրավորված բնակիչ Սուրեն Սեփխանյանի հետ:
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը։
Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 15-ի գիշերվանից սկսել էրգնդակոծել Կոթի գյուղը, ինչի արդյունքում վիրավորվել էր 1 քաղաքացի։ Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին ակտիվացրել է հայկական բնակավայրերի գնդակոծությունը, մասնավորապես՝ Տավուշի ուղղությամբ։
Սեպտեմբերի 17-ին հայտնի է դարձել նաև Վայոց ձորի Արենի գյուղի գնդակոծման մասին (այդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը՝ չհատելով սահմանը, որոշակիորեն առաջխաղացում էր գրանցել ապրիլ-մայիսին)։ Գնդակները, սակայն, գյուղ չեն հասել։