17 սեպտեմբերի 2018 - 18:25 AMT
Համակարգչային գրոհների հակազդման համաձայնագիր` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև

Կենտրոնական բանկում գումարված ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստում Հայաստանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Այն կողմերին կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, հանցագործությունների կանխարգելման, տեղեկատվության փոխանակման առավել լայն հնարավորություններ է ընձեռում:

Ստորագրվել է նաև ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակման վերաբերյալ համաձայնագիր:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը: