Ռուսաստանի ՊՆ-ն Իսրայելին է մեղադրում Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցման մեջ: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ Ս-200-ից, սակայն ինքնաիթռը հարվածի տակ է հայտնվել Իսրայելի օդուժի գործողությունների պատճառով:
Ռուսական Իլ-20 ինքնաթիռը սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն անհետացել է Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափից ոչ հեռու։
«Իսրայելի օդաչուները, փորձելով թաքնվել ռուսական ինքնաթիռի ետևում, այն դրել են Սիրիայի ՀՕՊ հարվածի տակ: Արդյունքում Իլ-20-ը խոցվել է Ս-200 համակարգի հրթիռռվ»,-ասել է նա, գրում է «Ինտերֆաքսը»:
Ըստ նրա, սեպտեմբերի 17-ին 22:00-ին Իսրայելի օդուժի 4 F-16-ները կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են սիրիական օբյեկտներին Լաթաքիա քաղաքի շրջանում:
«Իսրայելյան ինքնաթիռները միտումնավոր վտանգավոր իրավիճակ են ստեղծել նավերի և ինքնաթիռների համար: Ռմբակոծությունն իրականացվել է ֆրանսիական «Օվերն» նավից ոչ հեռու՝ ՌԴ Իլ-20 վայրէջքի գնացող ինքնաթիռի անմիջական հարևանությամբ»,-ասել է նա:
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ Իսրայելը չի զգուշացրել ՌԴ-ին Սիրիային հարվածելու մտադրությունների մասին:
Կոնաշենկովը հայտարարել է, որ ՌԴ-ն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում:
«Իսրայելի սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետևանքով 15 ռուս զինծառայող է զոհվել»,-ասել է նա:
Մինչդեռ ԱՄՆ-ն Սիրիային է վերագրում ռուսական ինքնաթիռի խոցման մեղքը: CNN-ի զրուցակիցը ԱՄՆ պաշտոնյաների թվից, իր աղբյուրների վրա հղումով, պնդում է, որ ինքնաթիռը խոցել են սիրկական ՀՕՊ ուժերը : Ըստ նրա, սիրիացիները փորձել են կասեցնել Իսրայելի օդուժի գրոհը Լաթաքիայի ուղղությամբ և պատահաբար խոցել են ռուսական ինքնաթիռը:
Իսրայելը չի մեկնաբանում պատահարը: