23 մայիսի 2008 - 19:15 AMT
Անգամ Կոսովոյի ճանաչումը մի շարք պետությունների կողմից թույլ չի տա հաղթահարել խոչընդոտները նրա իրական ճանաչման ճանապարհին
«Կոսովոյի անկախությունը նախորդել է կարգավիճակի որոշմանը, այլ ոչ թե ընդհակառակը, եւ դրանում է թաքնված Մարտի Ախտիսաարիի գլխավոր սխալը: Ինքը` ծրագրի հեղինակը, հայտարարեց ՄԱԿ-ում, որ տարածաշրջանին պետք էր անկախություն տրամադրել 1999 թվականին, այլ ոչ թե 2008 թվականին»,- Երեւանում անցնող «Կովկաս-2007» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալության ԱՊՀ եւ Բալթիկ ծոցի երկրների գլխավոր բաժնի տնօրեն Ալան Կասաեւը: Նրա խոսքերով, անկախության հռչակումը չի ընդգրկի Կոսովոյին միջազգայն իրավունքի շրջանակներում, այնտեղ դժվար թե գործեն ժողովրդավարական ինստիտուտներ եւ անցկացվեն ազատ ընտրություններ: «Կոսովոն չի լինի ՄԱԿ-ի անդամ, չի լինի եվրոպական անվտանգության համակարգում, որը դեռեւս հենվում է ԵԱՀԿ-ի վրա: Նա չի լինի ԵԽ-ի եւ նրա իրավական կառույցների իրավասության ներքո: Նա դուրս կընկնի ԺՀՄԻԳ համակարգից»,- ընդգծել է Կասաեւը:

Ռուս փորձագետը նաեւ նկատել է, որ Կոսովոյի դեպքը եզակի է եւ աննախադեպ: «Սակայն նույնքան եզակի է ցանկացած հակամարտությունը. վրաց-աբխազական, վրաց-օսական, մերձդնեստրյան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւս չի կարելի սովորականների շարքին դասել: Անգամ Կոսովոյի ճանաչումը մի շարք պետությունների կողմից թույլ չի տա հաղթահարել խոչընդոտները նրա իրական միջազգային ճանաչման ճանապարհին»,- ընդգծել է Կասաեւը: