
ՀՅԴ-ն կողմ է ԱԺ «Հանրապետական» խմբակցության առաջարկած՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններին, որոնք խոչընդոտում են ԱԺ լուծարումը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում: «Առավոտի» փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Մենք սրանով կանխում ենք հնարավոր հակասահմանադրական գործողությունները: Սահմանադրությունն ասում է, որ նորմալ գործընթացների պարագայում, երբ որ չի ընտրվում, այո, օրենքի ուժով լուծարման հարցն է դրվում: Բայց եթե պատկերացնում ենք, որ չի եղել ընտրության պրոցես, չի եղել առաջադրումների հնարավորություն քաղաքական ուժերի կողմից, որովհետեւ ինչ-ինչ ֆորս մաժորային իրավիճակներով դա տեղի չի ունեցել, ի՞նչ է, համարվելու է, որ ֆորմալ առումով Սահմանադրությունը կատարվեց և 14 օր հետո խորհրդարանը պետք է լուծարվի՞»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Ավելի վաղ, Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ասել է, որ դրան կողմ քվեարկած պատգամավորները հակահեղափոխականներ են: Նա ասել էր, որ հաշվի առնելով այս զարգացումները, արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի դեկտեմբերին:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագիծ են մշակել: Այն հոկտեմբերի 2-ին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:
Հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորների գործելաոճը, քանի որ վերջիններս նախագծի երկրորդ ընթերցման անվան տակ կարևոր փոփոխություններ են անում ու փորձում արագ անցկացնել: