Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Նա գրել է, որ հենց այդ եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը։
Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել լեգենդար շանսոնյեի հիշատակի արարողությունը: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:
Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով: «Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով: