Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային։
Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Աննա Բաղդասարյանը:
Նամականիշն իր մեջ ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի լոգոտիպը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մնացականյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: