10 հոկտեմբերի 2018 - 14:02 AMT
Երևանի քաղաքապետը կադրերի հարցում անհատական մոտեցում է որդեգրելու

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ կադրերի հարցում որդեգրելու է անհատական մոտեցում: Քաղաքապետն ասել է այդ մասին Երևանի ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կադրային ջարդ լինելու է՝ Հայկ Մարությանն ասել է. «Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել», հայտնում է Aysor.am-ը:

Քաղաքապետն ասել է նաև, որ իր որոշումը հիմնվելու է նաև այն սկզբունքի վրա, թե արդյոք այդ կադրերը կկարողանան աշխատել նոր Հայաստանի պայմաններում։

Որպես առաջնահերթ լուծելու խնդիր Մարությանը նշել է աղբահանության հարցը՝ հավելելով, որ դա շատ կարևոր է:

Հայկ Մարությանն ասել է նաև, թե մնացած հարցերը կլուծվեն ըստ հերթականության, այնպես, ինչպես ներկայացվել է նախընտրական ծրագրում։

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը 12-ին հրավիրված ավագանու նիստում։ Նիստը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի շենքում։

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը: