6 հունիսի 2008 - 19:47 AMT
Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել Մոսկվա: Բացելով հանդիպումը ՀՀ նոր ղեկավարի հետ` Մեդվեդեւը հիշեցրել է, որ ինքն ու Սրագսյանը վերջերս են ընտրվել: «Օգտվելով առիթից` ցանկանում եմ հրավիրել ձեզ պաշտոնական այց կատարել Ռուսաստան առաջիկա մի քանի ամիսներին»,- ասել է Մեդվեդեւը:

«Երբ Ձեզ հարմար լինի, ուրախ կլինենք տեսնել Ձեզ Մոսկվայում, լիարժեք բանակցություններ անցկացնել եւ շարունակել համագործակցությունը, որը այսօր զարգանում է մեր երկրների միջեւ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն: «Ուրախ եմ Ձեզ ողջունել Պետերբուրգում: Սա մեր երկրորդ հանդիպումն է, ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Ձեր նոր աշխատանքի առիթով»,- ասել է Մեդվեդեւը:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին հրավերի համար եւ հույս է հայտնել, որ Մոսկվա նրա այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների համագործակցության հեռանկարները: Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը: «Մենք լավ հարաբերություններ ունենք, վստահ եմ, որ դրանք կխորանան»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: