ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ արդեն հինգ ամիս է՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված ու դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին խնդրում է բանտից դուրս գալ:
«Թուղթ բերեցին, որ Շանթ Հարությունյանը դուրս չի գալու ոչ համաներմամբ, ոչ պայմանական վաղաժամկետով, ոչ ռեժիմը փոխելով բաց կալանքի», - ասել է Փաշինյանը՝ կատակելով, որ նրան բանտից հանելու համար ուժային գործողության են դիմելու:
Ըստ Փաշինյանի, Հարությունյանը արդարացի պահանջ է ներկայացնում, որ իրեն արդարացնեն, սակայն դատարանը պետք է արդարացնի, և «ինչն է խանգարում, որ նրա պաշտպանները դիմեն դատարան արդարացման պահանջով»:
«Եթե ես այսօր Շանթին արդարացնելու պահնջով զանգեմ դատավորին, վաղը ինչ-որ մեկին կալանավորելու համար նույնպես պետք է զանգեմ, և այդպես շարունակ. արդյոք մենք ուզում ենք այս ուղով գնա»,- եզրափակել է Փաշինյանը:
Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո: Նա 2014-ին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: