24 հոկտեմբերի 2018 - 13:49 AMT
ՀՀ սննդարդյունաբերությունը` Փարիզում միջազգային ցուցահանդեսում. Պայմանագրեր են կնքվել

Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություն հոկտեմբերի 21-25-ին Փարիզում Հայաստանի սննդարտադրության ոլորտիներուժն է ներկայացնում SIAL Paris միջազգային ցուցահանդեսում։

Հայաստանի տաղավարը միջազգային խոշոր և միջին դիստրիբյուտորներին ներկայացնում է օրգանական մեղր, մրգային և բանջարեղենային պահածոներ, մակարոնեղեն, վերամշակված մսամթերք, գարեջուր, կոմպոտներ, հանքային ջուր, թեյ, առանց շաքարի պահածոյացված մրգեր և ջեմեր։

«Սա հեռանկարային ու ճիշտ մարքեթինգային քայլ է։ Մեր երկիրը վերջին տարիներին ակտիվորեն աշխատել է դեպի ռուսական շուկա արտահանման ուղղությամբ, սակայն եվրոպական շուկայում ներկայանալը, եվրոպական դիստրիբյուտորների պահանջներին ու ստանդարտներին ծանոթանալը արտահանման պայմանագրեր ձեռք բերելուց բացի, մեծապես կնպաստի հայաստանյան արտադրանքի որակի ու մարքեթինգի զարգացմանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

Հենց ցուցահանդեսի ընթացքում արդեն արտահանման պայմանագրեր են կնքվել։ SIAL-2018-ում դիստրիբյուտորների ուշադրությունը գրավել են հայկական օրգանական մեղրը, ջեմերը, չրերը, թեյերը, առանց շաքարի պահածոյացված մրգերը, հայտնում է «Բիզնես Արմենիայի» Հանրային կապերի թիմը:

SIAL Paris-ը ոլորտի նշանակալի ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են սնունդ և խմիչք արտադրող 7000-ից ավելի ընկերություններ՝ աշխարհի 106 երկրներից։ Ցուցահանդեսի բացման օրը մեր երկրի տաղավար է այցելել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։