29 հոկտեմբերի 2018 - 15:46 AMT
Պատմության թանգարանն ուրարտական նմուշներով Բրիտանական թանգարանում միջազգային ցուցահանդեսի կմասնակցի

Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ին կբացվի «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2019 թվականի փետրվարի 24-ը:

Ցուցահանդեսին կներկայացվի 200 նմուշ. 120-ը` Բրիտանական թանգարանի հավաքածուից, իսկ 80-ը կփոխառվեն Հայաստանի պատմության թանգարանից, Փարիզի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վատիկանի և Նիկոզիայի հայտնի թանգարաններից:

Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին կներկայանա ուրարտական արվեստի 10 բացառիկ նմուշով, որոնք, ըստ Բրիտանական թանգարանի մասնագետների և ներկայիս ցուցահանդեսի համակարգող Գարետ Բրերետոնի, առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ցուցադրության համար՝ որպես բացառիկ և արժեքավոր վկայություն այդ ժամանակաշրջանում տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների` արվեստի ու մշակույթի համատեքստում:

Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Հայաստանի և հայկական մշակութային ժառանգության արժևորման և հանրահռչակման բացառիկ հնարավորություն է, ասվում է պատմության թանգարանի կայքում:

Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Արևմուտքի գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազդեցություններից Ք.ա. I հազարամյակում: