31 հոկտեմբերի 2018 - 12:07 AMT
Ավինյան. Ոռոգման ջրի բաշխման խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա ներկայացրել է փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ «Սա իմ գրասենյակի և մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է:Կապույտով այն հողերն են, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սև շտրիխներով այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր»,-ասվում է գրառման մեջ: Ավինյանը հավելել է, որ այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում, որի արդյունքում ոռոգվող հողատարածքների իրական պատկերը կբացահայտվի:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, և այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն»,-ասել է նա: