#SaveAmulsar արշավին է միացել ամերիկահայ հայտնի թատերագիր, նկարիչ, գրող և կատակերգու Վահե Բերբերյանը: Նա համալրել է հայտնի արվեստագետների շարքը, որոնք իրենց տեսաուղերձներն են հրապարակում ի պաշտպանություն Ամուլսարի, որոնց թվում էին Սերժ Թանկյանը և Արտո Թունջբոյաջյանը:
Հայկական բնապահպանական ճակատը • #SaveAmulsar արշավ է սկսել, որի շրջանակում հայտնիները խոսում են Ամուլսարի մասին:
Վահե Բերբերյանի տեսաուղերձում մասնավորապես ասել է․ «Այն բոլոր հանքարդյունաբերական և հետախուզական աշխատանքները, որ տեղի են ունեցել Հայաստանում կամ տեղի են ունենում, միայն մի բանի են հասնելու՝ ավելի են հարստացնելու որոշ տրանսնացիոնալ ընկերությունների՝ փոխարենն առաջացնելով բնապահպանական ավեր՝ թունավորելով մեր գետերն ու հողերը և հիվանդացնելով մեր համերկրացիներին: Մեզանից ոչ ոք չպետք է անգործ նստի ու թույլ տա, որ սա տեղի ունենա»:
Նա նշում է, որ Ամուլսարը նշանակալի է, քանի որ եթե հանքը սկսի շահագործվել, այն «անվերականգնելի վնաս է հասցնելու շրջակա գետերին ու բերրի հողերին, էլ չասած՝ այն վնասը, որ հասցվելու է տեղի բնակչության առողջությանը հանքի առաջացրած թունավոր թափոնների պատճառով»:
«Մեր հայրենիքը մեր հավաքական ֆիզիկական մարմինն է, և ինչպես մենք չենք ուզում, որ մեր մարմինը խոշտանգվի, բռնության ու փորձերի ենթարկվի, նույն կերպ էլ չպետք է թողնենք, որ մեր հողը թունավորեն: Հավատացեք, ոչ մի տնտեսական օգուտ այդքան չարժե: Դա նման է երիկամներդ վաճառելուն: Մտածեք: Կանեի՞ք նման բան»,-ասել է Բերբերյանն իր ուղերձում:
Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը: