11 հունիսի 2008 - 16:09 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղյան հակամարտության կողմերը փորձում են շարունակել պատերազմն այլ միջոցներով
Սանքտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը ոչինչ տեղի չունեցավ: Այդ մասին Երեւան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտության պատճառները տարածաշրջանում են, ոչ թե ինչ-որ այլ տեղ եւ ներկայումս չկա մի բան, որ կփոխեր հարաբերությունների ձեւաչափը: «Ուժերի որոշակի բալանս է հաստատվել` ռազմական, պատմական (20 տարվա կտրվածքով), մարդկային: Կողմերը փորձում են շարունակել պատերազմը այլ միջոցներով` տնտեսական շրջափակմամբ, զենք թափ տալով Ադրբեջանի կողմից: Բանակցություններն ընդամենը այդ պատերազմի մի մասն են: Փոխզիջման աստիճանը երկու կողմերին էլ ձեռք չի տալիս` Ադրբեջանը փորձում է անտեսել Ղարաբաղի հայերի 20-ամյա պայքարը ինքնորոշման համար, Հայաստանը ցանկանում է ամրագրել ստեղծված իրավիճակը: Ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե չի զարգացել միջազգային իրավունքի հունով, այն, ավելի շուտ քաղաքական է, քան իրավական»,-ընդգծել է հայ քաղաքագետը: Նա նաեւ նշել է, որ Կոսովոյի անկախությունը տեսանելի օրինակ է միջազգային իրավունքը շրջանցելով ինքնորոշվելու համար: «Դժվար է լուրջ առաջընթաց ակնկալել բանակցություններում, քանի որ դրա համար դեռեւս պատճառներ չկան»,-ասել է Իսկանդարյանը: