11 հունիսի 2008 - 17:23 AMT
Բաքվում գտնում են, որ ԵՄ-ն պետք է «կտրուկ հայտարարությամբ» դիմի Հայաստանին Ղարաբաղի հարցով
Պաշտոնական Բաքուն գտնում է, որ ԵՄ-ն պետք է «կտրուկ հայտարարությամբ» դիմի Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցով: «Լավ կլիներ, եթե ԵՄ-ն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման համար հակադիր կողմին բաց հայտարարություններ ուղղեր»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը` մեկնաբանելով Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությանը վերաբերող հարցը:

Ադրբեջանի քաղաքագետները գտնում են, որ Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությունը չի արագացնի խաղաղ բանակցությունները եւ հակամարտության կարգավորումը: «Ներկա փուլում Եվրամիությունը չի կարող ակտիվորեն միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին»,- ասել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Ղուլուզադեն:

«Ոչ Ֆրանսիան, ոչ էլ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա լուրջ ազդելու հնարավորություն չեն ունենա: Բացի այդ, չնայած ԵԱՀԿ գործող նախագահի, այդ հարցով Եվրախորհրդի եւ Եվրամիության ներկայացուցիչների բազմաթիվ փոխարինումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել: Այդ պատճառով Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի նախագահությունը Եվրամիությունում չի ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա»,- հավելել է Ղուլուզադեն:

Քաղաքագետ Խիմետ Գաջիձեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է համաձայնություն կնքվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: «Եվրամիությունը Ռուսաստանի վրա ազդելու լծակներ չունի: Հակամարտության կարգավորման համար պետք է կարգավորվի աշխարհում գոյություն ունեցող Ռուսաստանի խնդիրը»,- հավելել է քաղաքագետը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: