13 նոյեմբերի 2018 - 11:31 AMT
«Կոռեկտ չէ». ԱԳՆ-ն՝ Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպանի միջև ՀԱՊԿ-ի մասով զրույցի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ զրույցին, ասել է, որ «ի վերջո, կոռեկտ չէ», երբ կառույցի ոչ անդամ երկրի դեսպանի հետ քննարկվում են դրա ներքին հարցերը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակի, որը վերաբերում վեց պետության, և այս զարգացումն ի ցույց է դնում այն, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի, որոնք պետք է լուծել», - ասել է Նաղդալյանը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանն ասել էր, որ երկիրը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»:

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:«Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որը կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ է կանչվել: Ըստ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,-ասել է Նազարբաևն Աստանայում լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին: